Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հեռակա կարգով իրենց «եկեղեցուն» են անդամագրում մահացածներին

Հեռակա կարգով իրենց «եկեղեցուն» են անդամագրում մահացածներին
19.10.2018 | 00:18

Աղանդավորական հոսանքների և խմբավորումների շարքում Հայաստանում իր շեղվածությամբ և վտանգավորությամբ առանձնապես աչքի է ընկնում «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» կամ մորմոնները, որը տոտալիտար աղանդներից ամենահինն է:


Մորմոնները Հայաստան ներխուժեցին 1988-ից հետո, երբ զանազան բարեգործությունների անվան տակ, ի թիվս այլոց, այստեղ հաստատվեցին նաև մորմոնները: Աստվածաբանական տեսանկյունից մորմոնականությունը կարելի է բնութագրել որպես սինկրետիկ նեոհեթանոսական օկուլտային աղանդ, որը զբաղվում է ակտիվ հոգեորսությամբ: Աղանդի հիմնադիրը ժոզեՖ Սմիթն է (ծնվ. 1805 թ. ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի Շարոն բնակավայրում): ԺոզեՖը վաղ հասակից զբաղվել է օկուլտիզմով` գանձ գտնելու նպատակով դիմելով ոգիների օգնությանը: 1826-ին նրան դատել են օկուլտիզմով զբաղվելու, նաև խաբեբայությամբ փող կորզելու համար: Նա պնդում էր, որ իր կյանքի ընթացքում քանիցս տեսիլքներ է տեսել, որոնք էլ հիմք են հանդիսացել աղանդի ստեղծման համար: 1830-ին Սմիթը հրատարակում է «Մորմոնի գիրքը», որը դառնում է իր հետևորդների «Աստվածաշունչը»: Նրանք այն կոչում են «Հիսուս Քրիստոսի մեկ այլ Ավետարան», մինչդեռ մենք գիտենք, որ այլ Ավետարան գոյություն չունի, ինչպես աստվածախոս սուրբ Պողոս առաքյալն է ասում. «ՈՒրիշ Ավետարան չկա՛: Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղատ. 1.7-8): Մորմոնի գիրքը լի է աղաղակող հակասություններով ու կեղծիքով և հակասում է Աստվածաշնչին, որը նրանց համար, թերևս, լրացուցիչ գրականություն է: Ի հակադրումն ավանդական քրիստոնեական եկեղեցիների ուսմունքի` մորմոնները չեն ընդունում, որ մարդը ևս արարված է, որ մարդը ծնվում է նախնական մեղքով, նրանք մերժում են Քրիստոսի Խաչը, չեն ընդունում Սուրբ Կույս Մարիամից Քրիստոսի անարատ Ծնունդը: Նրանք չեն ընդունում, որ Հիսուս Քրիստոս Աստծո Միածին Որդին է և այլն: Մորմոնները գործադրում են շատերի համար հաճախ աննկատելի խորամանկ հնարքներ: Որպեսզի միանգամից չբացահայտվի իրենց ուսմունքի հակասությունն Աստվածաշնչի հետ, իրենց քարոզները սկսում են ուղղափառ հավատքի դրույթներով, աստիճանաբար աստվածաշնչային մեջբերումներից անցում են կատարում մորմոնական մեջբերումներին: Մորմոնների համաշխարհային կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում` Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում: Նշենք, որ մորմոնները սովորություն ունեն մկրտվելու նաև մահացածների փոխարեն: Ընդունված է նաև նրանց փոխարեն «ձեռնադրվելն» ու «ամուսնական կնիք ստանալը», որոնք ավանդական եկեղեցու տեսանկյունից սարսափելի սրբապղծություն են: Մահացածների մասին ճշգրիտ տվյալներ ձեռք բերելու համար մորմոնների հատուկ ջոկատները բոլոր երկրներում թափանցում են պետական արխիվներ: Այս կերպ նրանք հեռակա կարգով իրենց «եկեղեցուն» են անդամագրում մահացածներին` առանց նրանց ազգականների համաձայնությունը հարցնելու, և Հայաստանը այս հարցում բացառություն չէ. 90-ական թվականներին նրանք ապօրինի կերպով մեր ողջ ազգային արխիվի տվյալները պատճենել և տարել են իրենց հետ, բայց թե ուր են տարել և ինչու, թողնում ենք ընթերցողի դատողությանը: Նման հսկայական ինֆորմացիոն բազան խիստ վտանգավոր է նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Եվ ահա այս խիստ վտանգավոր աղանդի հետևորդներն այսօր ազատորեն շրջում են մեր փողոցներում` որսալով միամիտ մարդկանց հոգիները: Նրանք աչքի են ընկնում հատկապես իրենց տեսքով. սպիտակ վերնաշապիկներով և փողկապներով, կոկիկ հագնված, բարետես (հիմնականում շիկամազ) երիտասարդ «երեցներին» կարող ենք հանդիպել ամենուր (մորմոն քարոզիչները հիմնականում շրջում են 2 հոգով): Նրանք մերօրյա ոչխարների զգեստներով հափշտակող գայլերի առավել վտանգավոր տեսակներից են, որոնց մասին նախապես զգուշացրեց Քրիստոս. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց» (Մատթ. 7;15): ՈՒրեմն զգուշանանք ազգակործան, մահասփյուռ աղանդներից, զգո՛ն լինենք և հետևենք մեր սրբակյաց նախնիների ճշմարիտ հավատքին ու ապրելակերպին: Ամո՛ւր փարվենք մեր լուսավորչահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:


Մորմոնների հեղինակած գրականությունն ունի հակասություններ տարբեր մասերի միջև, նրանց «մարգարեությունները» որևէ մասով չեն իրականացել: Նրանց ուսմունքի հիմնադիր Սմիթը վերջիններիս համար մեծ հեղինակություն է: Սմիթյան «Հավատո հանգանակը» իր առանձին դրույթների գեղեցիկ և սուրբգրային ճշմարտությանը շատ մոտ ձևակերպումներով կարող է շփոթության մեջ գցել պարզամիտ և ոչ շատ գիտակ հավատացյալներին, սակայն դրանց խորքային և աստվածաբանական քննությունը բացահայտում է դրանց հերետիկոսական բնույթը: Ինչ վերաբերում է Սուրբ Երրորդություն Աստծո հանդեպ հավատին, ապա այն ևս շատ պրիմիտիվ է. «հայր աստված» ևս մարմին ունի, իսկ «սուրբ հոգին» անձ չէ, հեղուկ է, որ լցվում է մարդկանց մեջ: Ադամը և «հայր աստված» նույնացվում են, իսկ նրանց «հիսուս քրիստոսը» մեր Տիրոջ հետ ոչ մի նմանություն չունի, նա արարվել է աստծո կողմից որպես հոգի, մարմին առել և ծնվել է սովորական մարդու նման և աստվածացել է հարությունից հետո: Մորմոնները Մուհամմեդի նման չեն հասկանում` ով է Երրորդություն Աստված:


Տեր Ահարոն քհն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ